«Իրավունք» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երեկ խորհրդարանն արտահերթ նիստում կրկին չընդունեց: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, սրանով թեման դեռ փակված չէ և դեռ չի կարելի ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան գործող Ընտրական օրենսգրքով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունելու երրորդ փորձը կատարվի, և կրկին նախաձեռնողը լինի «Ծառուկյան» խմբակցությունը:
Սակայն այս հնարավորությունը դեռ քննարկվում է՝ հաշվի առնելով, որ ընդամենը մոտ 40 օր է մնացել նախանշված արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունից:
Ընտրական օրենսգրքի փոփոխության ևս մեկ նախագիծ բերելու հնարավորության մասին փորձեցինք պարզել ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի տեսակետը:
«Եթե քաղաքական կամք ցուցաբերվի, կարող է օրենքի նախագծի նոր առաջարկություն լինի: Բայց եկեք սպասենք, կանխատեսումներ չանենք»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: