«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ և, Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը:
Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլև ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ:
Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության և, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչև նոր ԱԺ ձևավորումը: Եվ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռևս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը:
Ի վերջո, նրանք այլևս կորցնելու որևէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որևէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: