Կովկասյան տարածաշրջանից հանցագործները Գերմանիայում հզոր ցանց են ստեղծել, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Der Spiegel-ի հոդվածին, որը հրապարակվել է նոյեմբերի 2-ին:
Երեք տարվա ընթացքում քննիչները գաղտնի գործողությունների շրջանակներում փորձել են ձերբակալել եւ կալանավորել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն առանց լուրջ հաջողությունների: Fight against thieves in law («Օրենքով գողերի դեմ պայքար») անվանումով խիստ գաղտնի հատուկ գործողությունն ացնկացրել է Քրեական ոստիկանության (BKA) դաշնային ծառայությունը գերատեսչության 6 վարչությունների (BKA) հետ համատեղ:
Հրատարակությունն ընդգծում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությունների դեմ ամենամեծ հետաքննություններից մեկը:
«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում, որոնք գտնվում են Der Spiegel-ի եւ MDR հեռուստաալիքի տրամադրության տակ, նկարագրված են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորությունից բարձրաստիճան հեղինակություններ:
Հրապարակման մեջ նշվում է, որ դրանք նաեւ վերահսկում են Գերմանիայում հայկական մաֆիայի կառույցները: Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND Դաշնային հետախուզության ծառայության եւ Եվրոպոլի աշխատակիցները:
«Հաշվարկի կետը» դարձել է երկու հանցավոր կլանների միջեւ փոխհրաձգությունը, որը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսին Էրֆուրթում: Այդ ժամանակ ֆինանսական խարդախությունների կասկածանքով 42 անձանց նկատմամբ հարուցվել էր 14 քրեական գործ:
BKA-ի մասնագետների խոսքով, որոնց վկայակոչում է Der Spiegel-ը, Գերմանիայում հայկական մաֆիան իսկապես գոյություն ունի:
Ռուս-եվրասիական քրեական շրջանակներից մյուս խմբերի հետ միասին այն ունի «էական ֆինանսական» ռեսուրսներ եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Ընդ որում, ապացույցների բացակայության պատճառով հետաքննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների եւ քրեական գործերի:
Բացի այդ, հանցագործության թեման անդրադարձել է նաեւ դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի եւ MDR-ի տվյալներով, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում:
BKA-ն սակայն առաջարկել է չհամաձայնել այդ համագործակցությանը, նշելով, որ քննիչները չեն բացառում օրենքով գողերի եւ Հայաստանի պետական կառուցների ներկայացուցիչների հետ կապը:
Չորս ամիս առաջ՝ հունիսի 26-ին, Իսպանիայի ԶԼՄ-ները նույնպես հաղորդեցին լայնամասշտաբ հատուկ գործողության մասին, որի նպատակն էր կանխել «Եվրոպայի խոշորագույն կազմակերպված հանցագործ խմբերի» ապօրինի գործունեությունը:
Արդյունքում ոստիկանների մասնակցությամբ ավելի քան 70 օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնք միաժամանակ անցկացվել են թագավորության 6 շրջաններում, զենքի եւ թմրանյութերի առեւտրի, ծխախոտների մաքսանենգրության, փողերի լվացման եւ ընդհատակյա տոտալիզատորների ստեղծման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 140 անձ: