«Ամարաս» պարային համույթի հայտնի պարուհի Մանե Հայրապտյանն օրերս կատարել է իր կյանքի կարեւորագույն որոշումը:) Նոյեմբերի 4-ին պարուհին հավերժ սիրո երդում է տվել իր ընտրյալին՝ մարզիկ Էդգար Շերմազանյանին: Զույգի պսակադրությունը կատարվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել գեղեցիկ արարողությանը, ֆիքսել երջանիկ նորապսակներին, արարողությանը ներկա հայտնի հյուրերին եւ զրուցել Մանեի հետ՝ իր ընտրյալի, սպասված օրվա եւ շքեղ զգեստի ընտրության մասին:
Մեզ հետ զրույցում պարուհին նշեց, որ եկեղեցու ընտրությունն իր ցանկությունն է եղել, իսկ ամուսինն այս հարցում համակարծիք է եղել իր հետ:
Մանեն եւ Էդգարը միմյանց հետ հավերժական կապը զգացել են ծանոթությունից հետո շատ կարճ ժամանակահատվածում.
«Մեր մասնագիտական կապը շատ մոտիկ է, ինչի շնորհիվ էլ միմյանց լավ ենք հասկանում: Շատ կարճ ժամանակում ենք օրինականացրել մեր հարաբերությունները, բայց ոչինչից չենք վախեցել, քանի որ շատ արագ կողմնորոշվել ենք եւ հասկացել, որ միմյանց համար ենք ստեղծված: Կարելի է ասել՝ մեզ մոտ սեր էր առաջին հայացքից: Ամեն ինչ արագ եղավ եւ շատ կարճ ժամանակում պատրաստվեցինք հարսանիքին»,-նշեց Մանեն, որը նաեւ վերհիշեց սիրելիի առաջին սիրո խոստովանությունը.
«Դա եղավ այն ժամանակ, երբ վերադարձա Վրաստանից, որտեղ մեկնել էի մասնագիտական դասերի համար: Վերադառնալուցս հետո մեր առաջին հանդիպման ժամանակ նա շատ անսպասելի ձեւով դա արեց՝ պատրաստված, յուրահատուկ վայրում ու կարոտած… դա ես տեսա նրա աչքերում, խոսքերում… Էդգարն արեց ինձ սիրո խոստովանություն, ինչը դրական ընդունվեց իմ կողմից: Ավելի ուշ դրան հաջորդեց նաեւ ամուսնության առաջակությունն ու մեր պսակադրությունը»:
Մանեն եւ Էդգարը հարսանիքին պատրաստվել են մոտ երկու ամիս, նախապատրաստական բոլոր աշխատանքները միասին են կատարել՝ միմյանց հետ համաձայնության գալով:
«Իհարկե, մեծ է եղել նաեւ հուզմունքը, քանի որ դա մեր կյանքի ամենակարեւոր օրը պետք է լիներ, որը շատ սպասված էր մեզ համար եւ մենք ցանկանում էինք, որ այն լիներ հետաքրքիր եւ անմոռանալի»,-խոստովանում է Մանեն՝ հավելոլով, որ հարսի զգեստի ընտրության հարցում դժվարություն չի ունեցել, քանի որ վաղուց գիտեր, թե որ սրահից է այն ձեռք բերելու:
«Իմ կյանքի ամենասպասված զգեստն էր, որի մասին միշտ երազել էի»,-ասում է նա:
Նորապսակներն առայժմ չեն շտապում մեկնել մեղրամսի, քանի որ մինչ սպասված ճամփորդությունը Մանեն դեռ գործեր ունի: Այժմ պարուհին ներառված է Հռիփսիմե Հակոբյանի՝ նոյեմբերի 10-ին կայանալիք մենահամերգի ծրագրում: Համերգից հետո, սակայն, ամուսիններն անպայման վայելելու են համատեղ հանգիստը: Իսկ հարցին՝ արդյոք Մանեն շարունակելո՞ւ է իր ակտիվ գործունեությունը «Ամարաս» պարային համույթի կազմում, Էդգարը պատասխանեց.
«Միանշանակ, Մանեն պետք է պարի, պետք է դասավանդի եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Հպարտանում եմ նրա կատարած աշխատանքով, այնպես որ՝ Մանեն շարունակելու է լինել «Ամարաս»-ում՝ որպես պարուսույց եւ պարուհի»: