«Փաստ» թերթը գրում է. ««Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է:
Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագեցրել ելույթը, բայց մեծ հաշվով որևէ սխալ բան բովանդակային իմաստով չի ասում: Պարզից էլ պարզ է, որ եթե իշխանության ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո լինեն իրանցի զբոսաշրջիկների, կորեացի ներդրողների, ռուս սպորտսմենների կամ ավստրիացի կոմպոզիտորների անուններ, միևնույն է, իշխանությունը հաղթելու է: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Փաշինյանը հիմա ունի ահռելի վարկանիշ: Աշոտյանի ելույթն, ըստ էության, կարելի է ամփոփել մեկ այլ, նախկինում հայտնի այլաբանությամբ՝ «ՀՀՇ–ից լինի, թող պոլի փեդ լինի»:
Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:
Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության:
Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: