ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն առաջարկում է նոյեմբերի 21-ին կառավարության կողմից նախաձեռնված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել նաեւ բոլոր այն օրինագծերը, որոնք կարեւոր են եւ անցել են առաջին ընթերցում:
Բանն այն է, որ ԱԺ պատգամավորները չեն ցանկանում դեկտեմբերի 4-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերին մասնակցել:
«Նկատի ունենալով, որ ունենք շրջանառության մեջ դրված օրինագծեր, որոնք կարեւոր են, առաջարկում եմ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում ընդգրկել այդ հարցերը»,-ասաց Մախմուդյանը:
«Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը միացավ այդ առաջարկությանը՝ հավելելով, որ օրինակ շատ կարեւոր օրինագիծ կա օրակարգում, որը վերաբերում է ՔԿՀ-ներում անցկացրած 1 օրը 1,5 օր հաշվելուն:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սակայն, նկատեց, որ այդ հարցերը արտահերթի օրակարգում ընդգրկելու համար կառավարությունը նորից պետք է նիստ անի: Նա մեկ այլ լուծում առաջարկեց. ԱԺ պատգամավորների ստորագրությամբ հրավիրել եւս մեկ արտահերթ նիստ, որը կմեկնարկի, երբ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը կավարտի աշխատանքը:
«Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը կավարտվի նոյեմբերի 22-ին, որից հետո կարող ենք անել հաջորդ արտահերթը: Ես համոզված եմ, որ ամսի 22-ին կապահովենք քվորումը, բայց շարունակությունը մի քիչ լավ չեմ պատկերացնում»,-խոստովանեց Բաբլոյանը՝ նկատի ունենալով, որ քվորումի հետ կապված խնդիր կարող են ունենալ:
Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 2019 թվականի բյուջեի նախագիծն է: