Երեւանում նախատեսվում է նոր ճոպանուղու կառուցում: Այս նախագիծն ընդգրկված է քաղաքի ներդրումային ծրագրերի բաժնում:
Նախ հիշեցում է արվում, որ Երեւանի ճոպանուղին կառուցվել է 1967 թվականին: Այն կապում էր քաղաքի կենտրոնը /Հերացու փողոց/ Նորք Մարաշի վարչական շրջանի հետ: Օրական ուղեւորափոխադրումների թիվը կազմում էր մոտ 500 ուղեւոր: 2004 թ. վթարից ի վեր Երեւանի ճոպանուղին դադարեցրել է իր աշխատանքը:
Սույն ծրագիրը նպատակ ունի Երեւանում վերականգնել տրանսպորտի այս ձեւը եւ զարգացնել այն` օգտագործելով որպես քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ։ Երեւանում ճոպանուղին կարող է արդյունավետ շահագործում ապահովել՝ լրացնելով ավանդական տրանսպորտի ձեւերին՝ տրանսպորտային հիմնախնդիրների լուծման գործում։
Միաժամանակ աշխարհագրական բարդ տեղանքի կամ այլ արգելքների առկայության պայմաններում այն շահեկանորեն առաձնանում է այլ տրանսպորտային միջոցներից։ Քաղաքային ճոպանուղին լինելով տրանսպորտի տեսակ եւ ուղեւորափոխադրումների կազմակերպման միջոց՝ միաժամանակ հանդիսանում է շատ կարեւոր բաղադրիչ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում եւ լուրջ ներդրում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման առումով:
Տեխնիկական ցուցանիշներ. Առաջարկվում են հետեւյալ տարբերակները՝
Տարբերակ առաջին: Ստորին կայան՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Դրո եւ Սեւակ փողոցների խաչմերուկ, Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջան: ԸՆդհանուր երկարությունը՝ 6222 մ, թողունակությունը՝ 2400 - 3000 մարդ / ժամ։
Տարբերակ երկրորդ: Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա։ Երկարությունը՝ 5168 մ, թողունակությունը՝ 2400 - 3500 մարդ / ժամ։
Տարբերակ երրորդ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ (Օղակաձեւ զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Երկարությունը՝ 5345 մ, թողունակությունը՝ 3000 մարդ / ժամ:
Տարբերակ չորորդ: «Տաշիր» առեւտրի կենտրոն (Տիգրան Մեծ, Մ.Խորենացի եւ Եր.Քոչար փողոցների խաչմերուկ), միջանկյալ՝ Սարի-թաղ 12-րդ փողոց, Նոր Նորք վարչական շրջանի 7 եւ 8-րդ զանգվածների կենտրոնական հատված:
Տարբերակ հինգերորդ: Թամանյանի անվան պուրակ, միջանկյալ՝ 50-ամյակի հուշարձան, Ն.Զարյան փողոցի եւ Կոմիտասի անցուղու հատված (Հյուսիսային ճառագայթ շենք), Նոր Արաբկիր զբոսայգի:
Ներդրողի առաջարկությամբ կարող են քննարկվել ճոպանուղու կառուցման այլ վայրեր։
Ծրագրի ժամկետներ. Շինարարության տեւողությունը` շուրջ 3 տարի:
Ծրագրի արժեքը. Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարվել է ծրագրի 5-6 կմ երկարության համար։
Ներդրումների ձեւը եւ հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ համագործակցության շրջանակում: Մասնավոր ներդրումների պարագայում Երեւանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերելու գործում: Երեւանի քաղաքապետարանը կաջակցի նաեւ իրացման ծրագրի կազմման եւ գործընթացի կազմակերպման գործում:
Նշվում է նաեւ, որ առկա են ճոպանուղու հնարավոր երթուղիների առաջարկներ: