Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական գործակալության հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից․ օմբուդմսենի գրասենյակի հաղորդագրության մեջ նաև նշված է․
«ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:
Քննարկման ընթացակարգի այս փուլում անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»: