Երկու օր առաջ «Սասունցի Դավիթ» կայարանի փակ շուկայի առևտրականները «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեվեցից ծանուցագրեր են ստացել այն մասին, որ իրենց հետ կնքված վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ դադարեցվում են` շուկայի վերակառուցման հետ կապված: Առևտրականներին առաջարկել են տեղափոխվել այլ շուկաներ: Բոլորը գիտեն, որ գլխավոր իրադարձությունը ոչ թե շուկայի վերակառուցումն է, այլ ամենամատչելի առևտրի այս վայրի տիրոջ փոփոխությունը: Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը «իրենով է անում» կայարանի շուկան` խլելով այն նախկին տիրոջից:
«Հրապարակ»-ի աղբյուրը, որը խուսափում է խնդիրներ ունենալուց և չի ցանկացել նշել իր անունը, հայտնել է, որ երկաթգծի տնօրեն Ռեվեցին կառավարությունից են հրահանգել շուկան տալ Թոխմախի տղաներին: Սակայն կառավարությունից գրավոր պատասխան կա այն մասին, որ այդ տարածքի հարցերը երկաթգծի տնօրինություն է որոշում: Բայց, թե ում է պատկանում այս շուկան, հայտնի չէ:
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ կայարանի «խոզանոցը» (սա ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի օրիգինալ ձևակերպումն է) բարեկարգելու ծրագիրը նոր չէ: 2009թ. կայարանի շուկան բարեկարգելու ծրագիր է ներկայացվել քաղաքապետարան: Նախագիծն ուղարկել են տրանսպորտի նախարարություն`հաստատման: Բայց տրանսպորտի նախարարները փոխվեցին և ծրագիրը սառեց: Հիմա վերակառուցման նոր նախագիծ է ներկայացված: Իհարկե քաղաքակիրթ երկրներում մրցույթ կհայտարարվեր, կընտրվեր լավագույն նախագիծը, լավագույն կառուցապատողը: Քաղաքակիրթ երկրներում նա կապ չէր ունենա օլիգարխների հետ:
Բայց մեզ մոտ ամեն ինչ արվում է «ախպերավարի», քիչ ներդնելու, շատ ստանալու սկզբունքով: Կասկած չկա, որ նախագիծը կիրականացվի անխոչընդոտ, քանի որ նախագծի գլխին կանգնած է Թոխմախի Մհերը: