Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ստորագրել է օրենքը, որը բանկերին արգելում է փողոցում երեւացող հատվածում տեղադրել տարադրամի փոխարժեքի մասին ցուցանակներ: Ռուսաստանի Կենտրոնական բանկը դա մեկնաբանել է փողերի լվացման դեմ պայքարի տրամաբանությամբ, թեեւ իրական տրամաբանությունը ավելի պարզ է՝ տարադրամի փոխարժեքը փողոցներից հեռացնելու նպատակը այն է, որպեսզի հանրությունը քիչ նկատի փոխարժեքի տատանումը եւ չլինի խուճապ կամ հուզում: Իսկ Ռուսաստանի տնտեսության վիճակն ու արտաքին հարաբերությունները ներկայում այնպիսին են, որ մեծ է փոխարժեքի տատանումների հավանականությունը:

Այդ իմաստով, ՌԴ նախագահը փաստորեն կրկնել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հայաստանը դեռեւս տարիներ առաջ է արգելել բանկերին փոխանակման կետերի փողոցի երեւացող հատվածում փոխարժեքի ցուցանակ դնելը: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետն էր ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը:


Սարգսյանի վարչապետության շրջանում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության գագաթնակետում, տեղի էր ունեցել 14 տոկոս տնտեսական անկում, Ռուսաստանի տնտեսության վիճակով պայմանավորված տրանսֆերտների էական նվազում: Միաժամանակ բավական բարդ էր ներքաղաքական իրավիճակը եւ հաշվի առնելով մի կողմից այն, որ իշխող համակարգի ներսում թեւերի լուրջ պայքար էր, որի հիմնական թիրախներից մեկն էլ Տիգրան Սարգսյանն էր, եւ մյուս կողմից էլ այն, որ այդ համակարգում խախտված էր դե յուրե իշխանության եւ տնօրինվող խոշոր կապիտալի բալանսը, պատկերացնելի էր, թե ինչ ռիսկային գոտում է նաեւ ֆինանսական վիճակը:

Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը համոզեց Սերժ Սարգսյանին, որ փողոցում ժողովուրդ չտեսնելու համար պետք է անել այնպես, որ ժողովուրդը փողոցից փոխարժեք չտեսնի:

Իհարկե դժվար է գնահատել, թե այդ որոշումը ինչ ազդեցություն ունեցավ իրավիճակի կառավարելիության հարցում, եւ ինչ կլիներ Հայաստանում, եթե դա չլիներ: Հնարավոր է, որ քայլն ընդամենը կանխարգելիչ էր, զգուշավորությունից ելնելով:

Հատկանշական է, որ այժմ էլ Ռուսաստանն է անցնում այդ կանխարգելիչ քայլին: Ընդ որում հետաքրքիր է, որ Տիգրան Սարգսյանն այժմ ԵՏՄ նախագահն է, աշխատում է Մոսկվայում, ու թերեւս չի բացառվում, որ Ռուսաստանը հաշվի է առնում նրա վարչապետական փորձը եւ «տառապանքը»:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am