«Ժառանգություն» կուսակցության նախագահը այցելեց Պռոշյան եւ Նոր Երզնկա գյուղեր, եղավ Հրազդան, Աբովյան եւ Եղվարդ քաղաքներում: Նրան ուղեկցում էին մի քանի լրագրող, մի քանի կամավոր եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պռոշյանում Րաֆֆին գյուղամիջում իրեն սպասող գյուղացիներին ցավակցեց համայնքի երկու կորստի՝ պարոն Կիրակոսի եւ տիկին Հայկուշի մահվան կապակցությամբ, մաղթեց, որ ավելի շատ հարսանիքներ լինեն: Թեկնածուն մեխակներ դրեց ազատամարտիկ-հրամանատար Կարոտ Մկրտչյանի հուշարձանին: Պռոշյանցիները շոյված էին, որ իրենց հետ հանդիպման եկած թեկնածուն առանց թիկնազորի է շրջում: «Բա չէ, Սերժի նման, 30 հատ «ախռաննիկով» ա ման գալի»,- ասաց գյուղացիներից մեկը: Նոր Երզնկա գյուղում, ինչպես եւ Եղվարդում, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց համայնքների ղեկավարներին՝ հորդորելով գոնե մեկ անգամ, այս անգամ, ժողովրդին ազատ թողնել, գնալ ազատ ընտրությունների: Եղվարդում թեկնածուն նկատեց, որ այս համայնքում ժողովուրդը, ինչպես Գորիսում է, վախի մթնոլորտում է ապրում: Եղվարդի արվեստի դպրոցում, որը համայնքային շենքում է, Սերժ Սարգսյանը օրենքի խախտումով իր ընտրական շտաբներից մեկն էր տեղակայել: Բոլոր համայնքներում Րաֆֆին քայլելով փողոցից փողոց էր գնում, տնից տուն: Դպրոցներից երեխաները հեռվից ձեռքով էին անում, ծափահարում էին նախագահի թեկնածուին, վարորդները արգելակելով մեքենան, իջնում բարեւում էին նրան: Կիսահալ ձյան միջով, գրեթե մինչեւ ծնկները թաց ոտքերով շփման մեջ էր ընտրողների հետ, եւ դա տպավորություն էր թողնում մարդկանց վրա: Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը լուսաբանելու համար, պարզվեց, պետք է էքստրեմալ լրագրության կուրսեր անցնել՝ կարողանալ ձյան ու անձրեւի տակ, թաց կոշիկներով, սահելով հասնել թեկնածուի ետեւից, փորձել նրան տեսադաշտից չկորցնել:Գրում է` Հայկական ժամանակ օրաթերթը:
Հրազդան քաղաքում մարդիկ խուսափում էին լրագրողների ֆոտոխցիկների առջեւ ողջունել Րաֆֆի Հովհաննիսյանին, ակնհայտ էր, որ առավել վախեցած են: Երբ Րաֆֆին մոտենում էր այս կամ այն սպասարկման օբյեկտին, ինչ էլ դա լիներ, բոլորը խուսափում էին տեսախցիկներից, թաքնվում էին, թաքցնում երեսները: Իսկ երաժշտական դպրոցներից մեկի մոտ համակիրների հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուին մի քանի հրազդանցիներ բացահայտ ասացին, որ իրենց նկատմամբ ճնշում եւ հետապնդում կա: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին՝ Կովալին, Ր.Հովհաննիսյանը մարզպետարանում գտնել չհաջողեց: Ընդունարանում հայտնեցին, որ մարզպետն արձակուրդի մեջ է, եւ այդ պահին գտնվում է Սերժի նախընտրական շտաբում: Րաֆֆին քայլեց դեպի շտաբ ու զրուցեց Կովալի հետ: Վերջինս չթաքցրեց, որ արձակուրդի մեջ է եւ նախընտրական միսիայով է տարված: Մեր հարցին, թե որքա՞ն է շարունակվելու արձակուրդը, Շահգալդյանը պատասխանեց, որ մինչեւ փետրվարի 19-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցեց մարզպետի հետ, ժողովրդի կամքի վրա ճնշում չգործադրելու վերաբերյալ: «Նախ 20 տարին քիչ ժամանակահատված ա, վերջապես 70-80 տարի մենք ապրել ենք սովետական ամբողջատիրության մեջ, միանգամից մեր մտածելակերպը չէր լինի փոխել, հասկանու՞մ եք: 20 տարում չէր ըլնի, որ իշխանավորները մտածեն, ոնց որ կմտածեն ժողովրդավարները»,- փորձում էր իրավիճակի հիմնավորում գտնել մարզպետը:
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը Աբովյան քաղաքում էր, Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ նրան մի քանի հարյուր մարդ էր սպասում: Թեկնածուին աբովյանցիները ջերմ ընդունեցին:


