Երեւանում, դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի եւ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1, թիվ 8 եւ թիվ 18 փրկարարական ջոկատները։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետեւանքով գետնին հայտնված մահացածին եւ Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Պարզվել է, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Էդվարդ Քոչարյանը եւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բ.-ն, Lexus ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բ.-ն եւ Սարգիս Բ.-ն։

Աղբյուրը հայտնում է, որ մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմում է Ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնում, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առեւանգել են։ Իրավապահները պարզում են, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին է, որի բեռնախցիկում հայտնաբերվել է նաեւ արտասահմանյան համարանիշներ։ Պարզվել է նաեւ, որ Lexus-ը դեպի օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետեւ երկաթե գովազդային սյանը եւ առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթեւեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետեւ բախվել Mercedes-ին։