Ռուսական առաջատար Առաջին ալիքի եթերում այսօրվանից սկսվում է «Իմ սրտի սուլթան» թուրք-ռուսական սերիալի ցուցադրությունը: Սերիալը Օսմանյան սուլթան Մահմուդ երկրորդի ու Ստամբուլում ռուսական դեսպանատան աշխատակից Աննայի սիրո մասին է: Սուլթանը Աննային հրավիրում է պալատ՝ իր երեխաներին կրթելու, Աննան հրաժարվում է, բայց ռուս դեսպանի ճնշումների արդյունքում ի վերջո համաձայնվում: Հետո սուլթանն ու ռուս աղջիկը սիրահարվում են:
Արժե նշել, որ սերիալի գրեթե բոլոր դերասաններն ու պրոդյուսերները թուրք են: Պրոդյուսերներից մեկը ԿՎՆ-ից հայտնի Ռաֆայել Մինասբեկյանն է:
Ֆիլմը ցուցադրվում է ռուսական հասարակության մեջ աճող դժգոհության ֆոնին: Հետզհետե ակնհայտ է դառնում ռուս-թուրքական հարաբերությունների միակողմանի թուրքանպաստ ուղղվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանում շատերը նշում են, որ եկեղեցական ինքնավարության մասին Թոմոսի հարցում Ուկրաինան, ճիշտ է, դարձել է Կոստանդնուպոլսի Պատրիարքության կամ, Վլադիմիր Պուտինի հեգնական արտահայտությամբ՝ «Իսթանբուլյան հոգեւոր ծխի» հաճախորդ, սակայն նույն «Իսթանբուլը», ավելի ճիշտ պաշտոնական Անկարան, որեւէ կերպ չի խոչընդոտել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անջատմանը Մոսկովյան Պատրիարքությունից, չնայած կարող էր:
Նմանատիպ խնդիրներ կան նաեւ Սիրիայում: Ըստ էության, Ռուսաստանի իշխանությունը ներկայում ինքն է դարձել «Իսթանբուլյան հաճախորդ», Թուրքիային զիջումներ կատարելով տարբեր ուղղություններով:
Թոմոսի եւ սիրիական Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված լարված պայմաններում արյունարբու սուլթանական կառավարումը փառաբանող սերիալի ցուցադրությունը անշուշտ պետք է մտահոգի առաջին հերթին Ռուսաստանի հանրությանը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, իհարկե պարտադիր չէ, որ ռուս-թուրքական ջերմացումը կրի Հայաստանի հանդեպ ակներեւ ոչ բարեկամական բնույթ: Մոսկվան պետք է գիտակցի, որ գազային գնաճին զուգահեռ ցուցաբերվող բարոյական քամահրանքը կարող է վնասել մեր ժողովուրդների՝ մեկ հազարամյակից ավելի բարի հարաբերություններին:
1915թ. ոճրագործությունը չճանաչող եւ 1921թ. ռուս-թուրքական գործարքի հետեւանքով հայկական հողեր զավթած երկրի ֆիլմի ցուցադրությունը պետք է դադարեցվի: Հակառակ պարագայում, Հայաստանը կարող է պահանջել դադարեցնել Արմենիա-Սպուտնիկ մեդիա խմբի գործունեությունը, քանի դեռ ընթանում է հակահայկական ակցիան Ռուսաստանի գլխավոր ալիքով
Լուսանկարներում՝
TVStar ալիքով ամռանը տապալված ֆիլմի գովազդը Առաջին ալիքի համար
Ֆիլմի ռուսաստանյան համապրոդյուսեր Ռաֆաել Մինասբեկյանը (աջից)
Նյութի աղբյուրը՝ Lragir.am