«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է 2012թ. սեպտեմբերի 13-ին Աբովյան քաղաքի «ՄԱ Պլազա» ժամանցային կենտրոնի դիմաց դաժան ծեծի հետևանքով մահացած, նշված համալիրի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանի թեմային:
Մահացած Մկրտիչ Խաչատրյանի հարազատներին զայրացրել է այն, որ ծեծի ենթարկողները հայտարարել են, թե Գագիկ Ծառուկյանն իրենց մեջքին կանգնած է: Այժմ նրանք արդարացի պատիժ են պահանջում:
Թերթը հիշեցնում է, որ դեպքի օրը Աբովյան քաղաքի «ՄԱ Պլազա» ժամանցային համալիրի դիմաց մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, իսկ համալիրի սեփականատեր Մ.Խաչատրյանը փորձել էր հանդարտեցնել նրանց: Սակայն մի քանի երիտասարդներ ծեծել էին նրան, որի արդյունքում վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ա.Քարհանյանը և ևս երկու հոգի` մարզիկ եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները: Դեպքից 10 ամիս անց, ինչպես գրում է թերթը, կալանավորվածների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նրանք այժմ ազատության մեջ են:
Ըստ գործարար Մկրտիչ Խաչատրյանի դստեր` Քրիստինե Խաչատրյանի` քննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ: