Հունվարի 11-ի ուշ երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։
Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Հայաստանի փոքրիկ երգիչներ երկչախումբը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պատկան մարմինների հապաղման եւ անուշադրության հետեւանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»։
Նույն էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 11-ին ակցիա է անցկացվելու շենքի մոտ:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի