Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես ոչ մի խնդիր չունեմ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Դրանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը սեղմել եմ, հետո էլ շնորհավորել եմ: Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը: Ես ասում եմ՝ մինչեւ մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի»,-հայտարարեց Ծառուկյանն ու հավելեց. «Եթե որեւէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:
Նա նշեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հետ, և այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: