Operativ.am-ը գրում է․2003 թ-ին Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հանրապետության հրապարակը, երբ շինարարները հանդիպեցին պատնեշի, հրավիրվեցին հնագետների. պարզվեց՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
Կառույցներն ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը հնագետներ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հետ: «Բացված կառույցները շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են, մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել»,-ասում է Ֆրինա Բաբայանը:
Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»:Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ: Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը: Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվեց, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից:
«Պատմական նկարագրությունների համաձայն Երևանը գյուղատիպ քաղաք է եղել` այգիներով շրջապատված, կավածեփ տներով: Կարծում եմ, պետք է լավ ուսումնասիրել մեր մշակույթը, նոր եզրակացություններ անել, վեր հանել Երևանի նոր նկարագիր»,-ասում է հնագետը: Նրա կարծիքով՝ գյուղատիպ բնակավայրով չէին կարող անցնել Թիֆլիսի կամ Թավրիզի ճանապարհները, քարավանների ճանապարները:
1837 թ-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվեց Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվեց 1862 թ-ին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց քաղաքի հրապարակը, որի տակ անցան այս շինությունները: Այդ ժամանակ կառուցվեցին այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Գիտնականը չի բացառում, որ այդ փողոցներում էլ կարող է պատկերը նույնը լինել:
Հնագետները հարց բարձրացրեցին, շինությունները պահպանելու համար, սակայն պատասխան ստացան, որ հանձնարարված է կառուցել հրապարակը, և ստիպված այն կրկին ավազով և այլ նյութերով փակվեց: «Առաջարկում էինք գոնե մի փոքր հատված պահել: Աշխարհում էլ որտե ՞ղ կա երկհարկանի հրապարակ: Դա հրաշալի տուրիստական վայր կլիներ: Մուտքերը կան, ուղիները կան, բայց նախընտրեցին փակել»: