«Օֆշորները Հայաստանի բանկային համակարգի վրա ոչ մի կերպ չեն ազդում: Ավելի առարկայական լինելու համար ասեմ Ձեզ, որ, օրինակ`«Անելիք Բանկն» իր պատմության մեջ ոչ մի օֆշորի չի սպասարկել: Լսելով օֆշոր բառը` մենք նախ եւ առաջ այդտեղ կրիմինալ ենք ենթադրում, բայց դա այդպես չէ. կրիմինոգեն տարրեր ամենուր կան, պետք չէ դա վերագրել միայն օֆշորներին: Իսկ ընդհանուր առմամբ, օֆշորները մեր բանկերի վրա էական ազդեցություն չեն թողնում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` անդրադառնալով վերջին օֆշորային սկանդալին եւ ընդհանրապես օֆշորների ազդեցությանը մեր տնտեսության վրա, գրում է թերթը եւ հավելում. «Ըստ նրա` բանկերում կան հատուկ ստորաբաժանումներ, որոնք պայքարում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ, եւ որոնց գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: Միաժամանակ, Ս.Ճզմաչյանն ասել է, որ դեպի օֆշորային գոտիներ կարող էին գնալ խոշոր օլիգարխիայի եկամուտները, սակայն նման բան Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել: Նրա կարծիքով` նման փողեր չեն փոխանցվում այսուայն կողմ, որ դա էական ազդեցություն ունենար հայկական տնտեսության, առավել եւս` բանկային համակարգի վրա »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Օֆշորները բանկային համակարգի վրա չեն ազդում
