«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է մի քիչ խիստ թվալ, բայց հակառակն ապացուցել անհնար է. ուրեմն այսպես՝ 1995-1996թթ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհ-հանցակիցների հետ զավթեց հայ ժողովրդի իշխանությունը, իսկ այդ անձանցից մեկը հրապարակավ հայտարարեց, թե եթե անգամ ընդիմությունը 100% ձայն ստանար՝ իշխանությունը տվող չկար, վրադիր այդ ամենին հայ ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունը տանկեր հանեց... Կարճ ժամանակ հետո հանցակիցներով չկարողացան գողոնն ու ավարը կիսել և ԼՏՊ-ն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ տվյալ պահին մնացել էր միայնակ` իր իսկ կողմից ստեղծած հանցավոր խմբավորման դեմ...
98-ին կրկին ժողովրդի կամարտահայտմանը դեմ իշխանության ղեկին հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, նույն հանցվոր խմբավորման աջակցությամբ, բայց քանի որ արդեն ճաքեր կային՝ բանը հասավ նոր երկպառակության և կրկին միմյանց դեմ դուրս եկան հանցավոր խմբի անդամները: Շարունակությունը բոլորին հայտնի է... 2003-ին ՌՔ-ն էլ ավելի մեծ բռնությունների և ճնշումների միջոցով վերարտադրվեց, ինչը բնականաբար շարունակվել է նրա կառավարման ողջ ընթացքում: Այս մարդու կառավարման ավարտը նշանավորվեց մարտի 1-ի սպանդով, որի արդյունքում բռնազավթված իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին, որն իր նախորդներից տարբերվում էր միայն առավել խորամանկությամբ: Բոլոր երեք կառավարիչների օրոք հայ ժողովրդի իրավունքները մասսայաբար, բացեիբաց ոտնահարվել են, երկիրը ենթարկվել է անօրինակ թալանի, տեղի են ունեցել տասնյակ և հարյուրավոր քաղաքական սպանություններ, որոնք այդպես էլ չբացահայտված ու անպատիժ են մնացել, երկրից արտագաղթել է բնակչության գրեթե կեսը, այսինքն տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն, սեփական ժողովրդի հանդեպ տեռոր, հայ ժողովուրդը կրել է հսկայական կորուստներ, որոնց մի ճնշող մասն անդառնալի...
Այս ողջ ժամանակահատվածում ոստիկանական համակարգը եղել է հանցագործ ռեժիմների հենարանը և մահակը, իսկ այսօրվա ոստիկանապետը ողջ այդ ընթացքում անշեղորեն բարձրացել է սանդղակով ու միշտ եղել է բռնաճնշումների գործողությունների կիզակետում, հիմա սա և իր նմանները խոսում են բարձր արժեքներից, հումանիզմ, օրենք, իրավունք և այլն և այլն, իսկ մյուսը՝ նախկին փոխոստիկանապետը, ողջ իր կարիերայի ընթացքում նվազագույնը եղել է աչք փակողի դերում և սղագրել հանցանքներն ու հիմա մեզ մեղադրում է սպանության մեջ՝ քաջատեղյակ լինելով, որ իր իսկ ղեկավարությունն ու այսօրվա ոստիկանապետն են սպանությունների հեղինակն ու պատասխանատուն:
Հ.Գ. Եթե ցանկանում ենք Հայաստանն իրավական երկիր դարձնել, պարտավոր ենք հեղափոխական տրամաբանությամբ ազատվել նախկին համակարգի մնացուկներից ու գաղտնազերծումից հետո իրականացնել անցումային արդարադատություն, որտեղ կքննվեն բոլոր հնչեղ գործերը, բոլոր երեք բռնազավթիչների արարքները, և կքննվի նաև ինչի՞ ոչ մեր արարքը և կտրվի իրավական գնահատական...»: