«Հունիսի 18-ին Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեպքը փորձել են կոծկել։ Վաղինակ Խաչատրյանը Լոռու մարզի Լերմոնտով գյուղի Տանձուտ կոչվող տարածքում 30 մ բարձրության սյան վրա մոնտաժային աշխատանքներ կատարելիս ընկել է, նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է։ Խաչատրյանն աշխատում էր «Դիսիտելեկոմ» ՍՊԸ-ում՝ որպես կոմունիկացիոն մասնագետ։ Այս կազմակերպությունն իրականացրել է «ՎիվաՍել–ՄՏՍ»–ի կոմունիկացիաների մոնտաժը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որԳուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Ոստիկանությունից հայտնել են նաև, որ երիտասարդն առանց ամրագոտու է աշխատելիս եղել։ Նշենք, որ 23-ամյա Վաղինակ Խաչատրյանն Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր։ Մենք նաև տեղեկացանք, որ կոմունիկացիոն աշխատանքներ կատարող մասնագետներին անխնա շահագործում են՝ օրական 20 ժամ աշխատեցնելով։ Ընդ որում՝ վարձատրությունը ոչ թե ժամավճարային է, այլ գործարքային՝ կոնկրետ աշխատանքի դիմաց։ Եվ քանի որ շատ կարճ ժամկետ են սահմանում տվյալ հատվածում կատարվելիք աշխատանքի դիմաց, ստիպված են լինում երկար աշխատել։ Գուցե այս պատահարի դեպքում դեր է խաղացել նաև հոգնածությունը։ Թե ինչու չեն այսպես անխնա շահագործվող մոնտաժնիկները բողոքում, նրանցից մեկն ասաց, որ վախենում են կորցնել աշխատանքը, քանի որ ցանկացողները շատ են, և աշխատավարձն էլ համեմատաբար բարձր է»,– գրում է թերթը։