Չինաստանը եւ Ռուսաստանը ներդրումներ են կատարում մի զենքում, որը կարող է հարձակում գործել տիեզերքում ԱՄՆ-ի արբանյակների եւ ակտիվների վրա: Երկու երկրներն այժմ պատրաստվում են տիեզերքը որպես մարտի դաշտ օգտագործել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ՊՆ-ի հետախուզական վարչության զեկույցում, գրում է NBCNews-ը:

Անցյալ ամիս ռազմական հետախուզության գործակալությունը Չինաստանի ռազմական հնարավորությունների մասին զեկույց էր հրապարակել՝ զգուշացնելով, որ ասիական երկիրը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում, որոնք կարող են սպառնալ կապի, հետախուզության, GPS-ի համար պատասխանատու ԱՄՆ-ի արբանյակներին եւ հրթիռների արձակման վաղ նախազգուշացման համակարգերին:


«Տիեզերքում անվտանգության խնդիրները» նոր զեկույցում նշվում է, որ եւ Չինաստանը եւ Ռուսաստանը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ են գրանցում եւ երկու երկրները առաջիկայում տիեզերքը կարող են ցանկացած խոշոր հակամարտության համար օգտագործել՝ իրենց հակառակորդներին հարված հասցնելու համար:

«Տիեզերքն այժմ մարտական գործողությունների դաշտ է, ինչպես, օրինակ, հողը, ծովը եւ օդը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Մենք չենք կարող տիեզերքը որպես հարձակումից պաշտպանվելու ապաստարան դիտարկել»:

«Տիեզերքի օգտագործումը գլոբալ մասշտաբով զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները», - ասել է ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչը: