Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստան է ժամանել աշխարհագռչակ ֆրանսիացի դերասան, հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին եղբոր՝ Բիբի Նասերիի հետ, ով ևս այդ ֆիլմի հերոսներից ու ոչ պակաս հայտնի դերասան է։
Այսօր նա «Օլիմպավանում» հանդիպել էր լրագրողների հետ։ Hraparak.am-ը հարց ուղղեց ֆրանսիացի ահայտնի «տաքսիստին», թե ինչ մեքենա է վարում, ինչ մակնիշի մեքենաներ է նախընտրում, և արդյոք ֆրանսիական մեքենաների՞ սիրահար է, հատկապես, որ «Տաքսի» ֆիլմում հենց ֆրանսիական Peugeot 406-ով է հաղթում գերմանական Mercedes-ներին ու ճապոնական Mitsubishi-ներին։
Դերասանը հետաքրքիր պատասխան տվեց։ Նա ասաց, որ իր հայրը իր համար բացահայտել է Ազնավուրին, մյուս բացահայտումը, որ արել է, գերմանական BMW-ն էր։ Նասերին, պարզվում է, հենց BMW-ի սիրահար է, իրենց ընտանիքում բոլորը BMW են վարում, BMW-ի ամենատարբեր մոդելները։
Մեր հարցին, թե ֆրանսիացիները շատ պատրիոտ են այս հարցում, նրանք ֆրանսիական մեքենաներ են նախընտրում և ամենուր գովազդում ֆրանսիականը, արդյոք Ֆրանսիան չի՞ նեղանա, որ ինքը գերմանական մեքենա է վարում, Նասերին ասաց, որ հայրենասիրության համար շատ ավելր կարևոր բաներ կան, քան մեքենան է․ «Եթե դա իրենց խանգարում է, դա իմ խնդիրը չէ, ես եմ, որ վարում եմ, ու ինձ է, որ հաճելի է։ Ու ես վարում եմ, որ հաճույք պատճառեմ ինձ ու իմ ընտանիքին առաջին հերթին, և եթե դա իրենց դուր չի գալիս, ի՞նչ ասեմ, ավելի վատ իրենց համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։