․․․ Երեկ հարցազրույցում, որն այնքան աղմուկ բարձրացրեց, Ֆորշը լրագրողին հարցնում էր․ «Տխրու՞մ ես․․․ Ես չեմ տխրում, ես տառապում եմ ամեն վայրկյան»։
Ինչու՞ դա ոչ մեկի մոտ չի տպավորվել։ Ֆորշի դեմքից, շարժումներից, ծանր շնչառությունից, քարի պես կարծր բառերից, անգամ ոչ սթափ վիճակի վարագույրների միջից տառապանքն էր խոսում։ Բնական, անկաշկանդ՝ Նորին Մեծություն Տառապանքը։ Այնքան սովորական է դարձել տառապանքը, վիշտը, որ դրա վրայով պարզապես սահում եք, ուշադրություն չեք դարձնում։ Մեկիդ մտքով անցա՞վ՝ ինչու՞ է ամեն վայրկյան տառապում Ֆորշը։ Խոսեիք դրա շուրջ։
Իսկ երբ ասում է․ «Մեր Նիկոլը լավ մարդ ա, բայց էս ինչ իշխանություն ա․․․», կենտրոնանում եք։ Ինչու՞։ Երբ մարդու տառապանքը, զայրույթը, պոռթկումը ձեզ չի հուզում, անհանգստացնում, հետաքրքրում։ Իշխանությունից բացի ամեն ինչ փու՞ռն եք տալիս։
Տարիներ առաջ արված հարցազրույցներից մեկը տպավորվել է իմ մեջ։ Ֆորշին հարցնում են․
-Քաղաքում այսօր երևանցիներ շա՞տ կան։
-Դյադ Լյովը լավա ասում` մի պադեզդ երևանցի ենք մնացել, էտ պադեզդի տեղն էլ չգիտենք: Մի ժամանակ Երևանը կոնկրետ համ ուներ, էսօր ետ համին շատ օտար համեմունքներ են խառնել ու չգիտեմ էտ վատա, թե ուղղակի ես էտ համին սովոր չեմ:
Հիմա, իրոք հասկանում եմ, որ Երևանի համին շատ օտար համեմունքներ են խառնել ու երբեմն մտածում եմ՝ այդ մե՞նք ենք։ Հը՞։ Այդքան անհանդուրժող։
Կուզեի ամփոփել 2017 թվականի նրա զրույցներից մեկով․
Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, որտեղ ես եմ և․․․իմ տղան, այո՛, մենք այնտեղ երկուսով ենք, ես երջանիկ եմ։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am