NEWS.am–ի տեղեկություններով՝ հանցավոր աշխարհում «Հունաստանի Կարեն» անունով հայտնի 29–ամյա Կարեն Խնուսյանի սպանության շարժառիթի վարկածներից մեկը վենդետան է։

Մեր տեղեկություններով՝ Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու համար կալանավորվածներից Վիլյամ Դանիելյանը 2010թ. Հունաստանում Խնուսյանի կողմից սպանված Արկադի Դանիելյանի եղբայրն է, իսկ մյուս կալանավորվածը՝ նրանց բարեկամը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. Խնուսյանին դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։

Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։ Այնուհետև Խնուսյանը ժամանել է Հայաստան։

NEWS.am–ը պարզեց, որ 2016թ. ապրիլ 20–ին Խնուսյանը կեղծ անձնագրով է կարողացել ժամանել Հայաստան։

Նա օգտագործել է եղբոր՝ Դավիթ Խնուսյանի անվամբ կեղծ փաստաթուղթն ու «Զվարթնոց» օդանավակայանով մուտք գործելով ՀՀ տարածք: Ավելի ուշ Խնուսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ հայտնեցինք, որ սպանվածը Կարեն Խնուսյանն է, ով հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի, որոնք մարտի 2-ին կալանավորվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելը) և 235 հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով։

Բուն սպանության գործով, սակայն, մինչև այս պահը, որևէ անձ կասկածյալի կարգավիճակ չունի։