ԵԽԽՎ նստաշրջանը սկսվեց հակահայկական քարոզչությամբ։ Ադրբեջանը մի փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ, թե Հայաստանն իբր ագրեսոր է, բայց այդ հարցը չքննարկվեց։ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հանդիպել են հայ և ադրբեջանցի պատվիրակությունները։ Դրանից ավելի լրատվամիջոցներին չի կարելի հայտնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի նախագահության մասին:
Ըստ նրա՝ դա Ադրբեջանի կողմից կազմված փաստաթուղթ էր, որի ներքո ստորագրել էին իսպանական և իտալական մի շարք երկրներ:
Նա տեղեկացրեց, որ աշխատանքները տևել են մեկ շաբաթ, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ օրակարգում բավականին հետաքրքիր հարցեր կային, որոնք բոլորն էր ուղղակի կամ անուղղակի վերաբերում էին Հայաստանին:
«Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ քննարկումն էր հետաքրքիր, որի ընթացքում ես հիշատակեցի սիրիահայերի մասին: Շատ կարևոր հարցերից մեկի շուրջ ևս քննարկում եղավ, որը կոռուպցիան է: Այս թեմայով ելույթ ունեցա և, ցավոք, Հայաստանը կոռուպցիայի խայտառակ ցուցանիշներով աչքի ընկնող ԵԽԽՎ անդամ պետությունների «լավագույն» հնգյակում է»,- ասաց Զ. Փոստանջյանը: Նա նաև նշեց, որ մյուս պետություններն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը: