Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է football.london-ը։
30-ամյա հայ ֆուտբոլիստը մեջքի վնասվածք էր ստացել եւ բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 2։0։
«Ռենի» դեմ պատասխան խաղը Լոնդոնում տեղի կունենա մարտի 14-ին։ Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 1։3 հաշվով։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին: