Հունիսի 28-ին ԼՂՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստ, որին քննարկվեցին հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2013թ. առաջին կիսամյակում կատարված ծրագրային և արտածրագրային աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում կատարվելիք աշխատանքները: Նիստին ներկա էին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, գերատեսչությունների աշխատակիցներ:
Լ. Մնացականյանը նիստի քննարկման թեմաները ներկայացնելուց հետո խոսքը փոխանցեց ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի աշխատակից Սերգեյ Գրիգորյանին, ով ներկայացրեց ոլորտի 2013թ. Առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքները:
Ա. Շաբոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է 2 հանձնաժողովների համագործակցությունից, բայց կցանկանար այն ավելի ուժեղացնել: Նա հակիրճ ներկայացրեց իրենց կողմից կատարված և նախատեսվող աշխատանքների մասին, որից հետո համապատասխան բաժինների աշխատակիցները ավելի մանրամասնեցին իրենց կատարած աշխատանքները:
Ա. Շաբոյանը ԼՂՀ հանձնաժողովի ինտերնետային կայքի արդիականացման ուղղության մասին խոսելիս նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ հանձնաժողովի ինտերնետային կայքում ստեղծել համապատասխան բաժին, որտեղ կտեղադրվեն տեղեկություններ Արցախի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների մասին: Նա նաև կարևորեց կադրերի մասնագիտական վերապատրաստումը և նշեց, որ Արցախի իրենց գործընկերներին հնարավորինս կընդգրկեն Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող սեմինարներին և մասնագիտական դասընթացներին: Այնուհետև ներկայացվեց անբարեխիղճ մրցակցության գծով, պետական գնումների գործընթացում առկա հնարավոր հակամրցակցային համաձայնությունների բացահայտման, առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներում գնագոյացման գործընթացների ուսումնասիրության ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովում առկա փորձը: Նշվեց, որ կատարվել է շուրջ 300 տնտեսվարող սուբյեկտների ուսումնասիրություն: Ներկաների ուշադրությանը ներկայացվեց ուսումնասիրությունների արդյուքնում բացահայտված մի շարք ապրանքատեսակների կեղծված կամ նմանակված և իրական տեսակները, որոնցից է օրինակ Reddy յուղը, choco pie և Չոկոպայս քաղցրավենիքը, Nassim ատամի մածուկը և այլն:
Հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության կարգավորման, հեռահաղորդակցության, փոստային կապի, պարտադիր տեխնիկական զննության կարգավորման ոլորտներում ընդունվեցին և վերանայվեցին մի շարք որոշումներ, ինչպես օրինակ «Նետրինո» ՓԲԸ «Սյունիք4» փոքր ՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին, Մասիս Պետրոսյան անհատ ձեռնարկատիրոջը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին որոշումները և այլն:
Իրավաբանական և վարչական վարույթի ենթաբաժնում քննարկված հարցերի շրջանակում «Արցախ կաթ» և «Առաջնեկ» ՓԲ ընկերությունների նկատմամբ կիրառվեց պատասխանատվություն` 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Նիստի ավարտին Ա. Շաբոյանը նիստը համարեց արդյունավետ, պատրաստակամություն հայտնեց շարունակելու ակտիվ համագործակցությունը` բարձր գնահատելով Արցախի ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները: Առաջարկվեց Արցախի հանձնաժողովի համար ստեղծել թեժ գիծ և facebook.com սոցիալական կայքում բացել խումբ, ինչի շնորհիվ սպառողները կկարողանան իրենց խնդիրների մասին բարձրաձայնել: Ա. Շաբոյանը հավաստիացրեց, որ բազմաթիվ խնդիրներ բացահայտվում են հենց թեժ գծի միջոցով: Լ. Մնացականյանը ողջունեց առաջարկը, նշեց, որ հենց երկուշաբթի օրը կբացվի խումբը սոցկայքում, իսկ թեժ գծի աշխատանքները ավարտին կհասցվեն մինջև տարեվերջ:
Նիստի ավարտից հետո ՀՀ ՏՄՊՊ և ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովների համապատասխան բաժնի աշխատակիցները Ստեփանակերտի մի շարք խանութներում անցկացրին ուսումնասիրություններ, որի արդյունքում ՀՀ հանձնաժողովի վերահսկողության վարչության աշխատակից Արեգ Հովհաննիսյանը բացահայտեց խախտման դեպքեր. Հիմնական խախտումներից էր այն, որ որոշ ապրանքատեսակների տուփերին չկա հայերեն գրություն, ինչը սպառողի անտեղյակության պատճառ է հանդիսանում: Մյուս բացահայտված խախտումն այն էր, որ վաճառվող բուսասերուցքային մածուկի գնապիտակի վրա նշված էր ոչ թե բուսասերուցքային մածուկ, այլ կարագ: Խախտման արդյունքում պարզվում է սպառողը վճարում է կարագի գին, այնինչ գնում է այլ ապրանք: Բացահայտված խախտումների հիման վրա կազմվել է արձանագրություն:
Սիրանուշ Պետրոսյան