ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:
Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:
Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:
Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչև հասա Երևան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ պարզել եք ինձ հեռվից,
Եվ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:
Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում,
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:
Համբուրում եմ այն կածանը,
որ բացել եք դուք հիմա:
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝
մայրուղի է դառնալու։
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եվ ուզում եմ վստահ լինել,
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»: