ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ուղղաթիռով տեղափոխվեց առաջին հիվանդը․ ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածքներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: Զանգն ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու:
Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների: Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Սա Առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին»։