«Հրապարակի» ԱԺ աղբյուրների տեղեկացմամբ, ինչպես մնացյալ պատգամավորների, այնպես էլ  Գագիկ Ծառուկյանի աշխատավարձն ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին չմասնակցելու պատճառով պահվել է:

Այդ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան, եւ ինաուգուրացիային չմասնակցած ԲՀԿ պատգամավորների աշխատավարձը «հատուկ կարգով» Հովիկ Աբրահամյանը պահել է: Նրանց թվում, փաստորեն, նաեւ Ծառուկյանինը: Մեկ օրվա «պահումը» կազմել է 10-11 հազար դրամ, ինչը միջին վիճակագրական հայի համար բավականին լուրջ, իսկ ԲՀԿ-ականների համար ծիծաղելի, եթե չասենք` զավեշտալի թիվ է:

Ինչ վերաբերում է բացակայած մյուս օրերին` «դա առանձին թեմա է», որովհետեւ կան ԱԺ նիստերից բացակայելու եւ հանձնաժողովների աշխատանքից բացակայելու «թեմաներ», տեղեկացրեց մեր աղբյուրը, «որոնք նայվում են առանձին մոտեցումներով»: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ԱԺ ոչ մի հանձնաժողովի չի անդամակցում: