Երեկ՝ մայիսի 14-ին, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր։
Բնակվում էր Երեւանի Նոր Արեշ թաղամասում։ Մայրը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Նրա տատիկը՝ տիկին Վեներան, NEWS.am-ին պատմել է, որ Արարատը սովորում էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, առաջին կուրսից զորակոչվել էր բանակ, զբաղվում էր թեքվանդոյով ու շախմատով, նաեւ միջազգային մրցաշարերի դափնեկիր էր։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի ունեցել Իջեւանի դիրքերից հրաձգարան (պոլիգոն) իջնելու ճանապարհին, նախնական տեղեկություններով` մեքենան կանգնած վիճակում կողաշրջվել է, մեքենայում 4 հոգի է եղել, թափքում եղած բեռները թափվել են, ինչի հետեւանքով ստացած վնասվածներից Արարատ Խեչումյանը մահացել է, մեքենայում եղած մյուս 3 զինծառայողները տարբեր աստիճանի վիրավորում, սալջարդ են ստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երում, նախնական տեղեկությամբ դժբախտ պատահարի հետեւանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։