Երեկ՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղհայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:


ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։