Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ խորհրդարանական հանձնաժողովը նիստերը կանցկացնի դռնփակ, հայտարարել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հանձնաժողովի քննության ենթակա հարցերի շրջանակը լինելու է շատ լայն, այդ թվում, օրինակ, հակառակորդի գործողությունների կանխման ուղղությամբ ԶՈՒ հրամանատարների որոշումների օպերատիվությունը: Անկասկած է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի իրավասության տակ է մի հարց, որն իր նշանակությամբ ոչ միայն զուտ ներքին չէ, այլ նույնիսկ ավելին է, քան ռեգիոնալը: Մենք Ապրիլյան պատերազմի ռազմա-քաղաքական շերտերի մասին գրել ենք պարբերաբար, ամենատարբեր դիտանկյունների և վարկածների ուսումնասիրմամբ, և այստեղ, անշուշտ, դաշտը չափազանց լայն է, և միաժամանակ, իհարկե, չափազանց պատասխանատու՝ ընդհուպ ազգային անվտանգության տեսանկյունից:
Եվ անկասկած է, որ հանձնաժողովը պետք է առաջնորդվի չվնասելու սկզբունքով, որպեսզի իր գործունեությամբ ոչ թե վտանգի, այլ բարձրացնի Հայաստանի ազգային անվտանգությունը: Այստեղ, բնականաբար, շատ բան կախված է այն հանգամանքից, թե հանձնաժողովի հետ ինչպես են գործակցելու այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Ապրիլյան պատերազմի օրերին եղել են պետության կառավարման ղեկին, զբաղեցրել բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոններ: Այդ իմաստով, օրինակ, բացի հասկանալիորեն Սերժ Սարգսյանից՝ Գերագույն գլխավոր հրամանատարից, հույժ կարևոր է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատրաստակամությունը:
Ինչ խոսք, կարևոր պաշտոնյաները չեն սահմանափակվում Սերժ Սարգսյանով կամ Սեյրան Օհանյանով, սակայն այստեղ առանձնահատուկ է մի հանգամանք, որի մասին Սեյրան Օհանյանը խոսել էր ավելի վաղ, կարծես թե դեռ մինչև թավշյա հեղափոխությունն իր տված հարցազրույցներից մեկում: Նա հայտարարել էր, որ ինքը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համաձայն չի եղել պատասխանատվությունը ամբողջությամբ կամ հիմնականում բանակի, զինված ուժերի վրա դնելու մոտեցմանը: Այդ մոտեցումը փաստացի կիրառում էր Սերժ Սարգսյանը, որը պատերազմից հետո պաշտոնանկ արեց մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում, ի դեպ, հետախուզության պետ Արշակ Կարապետյանին, ամիսներ անց, իհարկե, նրան նշանակելով Ռուսաստանում Հայաստանի ռազմական կցորդ:
Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան վերադարձրեց Հայաստան և նշանակեց իր խորհրդական՝ հայտարարելով, որ ծանոթ է ապրիլյանի մասին գաղտնի տեղեկությունների հարյուրավոր էջերի, որտեղ որևէ բան չկա հետախուզության թերացման մասին: Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ համաձայն չէր պատասխանատվությունը զինուժի, բանակի վրա դնելուն, նշանակում է, որ նա այդ իմաստով առանցքային տարակարծություն է ունեցել Գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Իսկ ո՞ւմ և ինչի՞ համար է Սեյրան Օհանյանը պատասխանատու համարել այսպես ասած՝ ոչբանակային շրջանակներում, ո՞ւմ վրա պետք է լիներ պատասխանատվությունը: Պատրա՞ստ է պաշտպանության նախարարը այդ հարցերում լիարժեք պատասխանել քննիչ հանձնաժողովի հնարավոր հարցադրումներին:
Նյութի աղբյուրը՝ 1in.am