Մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության և հնարավոր փողերի լվացման ռիսկ է է պարունակում, փոխանցում է կիպրոսյան առաջատար կայքերից մեկը` CyprusMail-ը,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:
Ինչպես հայտնում է CyprusMail-ը` «գլխավոր դատախազության գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է օրենսդիրներին, որ նմանoրինակ 10 բողոքներ գործարարների կողմից ներկայացվել են ոստիկանություն, որոնցից վեցը այնուհետև փոխանցվել են դատախազություն` քրեական հետաքննության սկսելու հանձնարարությամբ»:
Սակայն գլխավոր դատախազության գրասենյակում հետագայում պարզել են, որ առկա ապացույցների հիման վրա քրեական գործեր հարուցվել չեն կարող: Պաշտոնյայի խոսքերով, դեպքերի մեծ մասը առավելապես առնչվում են ընկերությունները ներկայացնող իրավաբանական կազմակերպությունների վեճերին:
Բայց հարցը բարձրացրած պատգամավորներին Կիպրոսի դատախազության պատասխանը չի բավարարել:
Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Սայլորիսը (Demetris Syllouris) նկարագրել է սեփականության փոփոխության տեղեկությունները որպես «ընկերությունների գողություն կամ առևանգում»:
«Ներկայիս գործող համակարգը վտանգավոր հեշտությամբ թույլ է տալիս սեփականություն փոխանցել մեկ անձից մյուսին. ավելի հեշտ է բազմամիլիոնանոց ընկերության սեփականության իրավունք փոխանցել, քան գրանցել ալյումին արտադրող ընկերություն որդուդ հետ», - նշել է նա:
CyprusMail-ը, մեջբերելով բանախոսի խոսքերը,- նշում է.
«Ընկերությունների սեփականության այս ամբողջ գործից փողերի լվացման հոտ է գալիս: Դա պարզապես համակարգային թերություններ չէ, այլ շատ կարևոր մի հարց, որ կարող է վնասել մեր ֆինանսական ծառայությունների կենտրոն լինելու համբավը», - ասել է նա:
Ի թիվս այլ բաների, փողերի լվացման միջոցների և ահաբեկչության ֆինանսավորման գնահատման փորձագետների կոմիտեի զեկույցում նշված են «արդյունավետության հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց նույնականացման և ստուգման ընթացակարգերին, հաշվի առնելով ռեգիստրի տվյալների բազայի թերի լինելու փաստը»:
Ընկերությունների ռեգիստրի վարչության ղեկավար Սփիրոս Կոկինոսը (Spyros Kokkinos) նշել է, որ համակարգը մնացել է գրեթե անփոփոխ վերջին 50 տարիների ընթացքում:
Թեև ռեեստրի համակարգը 2012թ.-ին էլեկտրոնային է դարձել, Կոկինոսը ասել է, որ այն պետք է զուգորդված լինի կեղծ ստորագրությունների դեմ համապատասխան ստուգումներով, ինչպես նաև անհատական մուտքի կոդերի օգտագործմամբ:
Իրավաբանների միության ներկայացուցիչ Մելինա Պարգոուն նշել է, որ ընկերությունների փաստաթղթերը հաճախ ստորագրվում են արտասահմանում նոտարների կողմից և ապա բերվում Կիպրոս` փոփոխությունները հաստատվելու համար:
«Ակնհայտ է, որ ավտոմատացված համակարգը կնվազեցնի կեղծիքների քանակը, այնուամենայնիվ, ամբողջությամբ դրանցից չի ձերբազատի», - ասաց նա:
Աղբյուր` http://cyprus-mail.com/2013/07/03/companies-changing-hands-without-owner...