Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ 46 համարի երթուղում միմյանց հետ վիճում են 2 ուղևորներ: Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Պողոսյանը, տեղադրելով տեսանյութը, գրել է. «Այս անգամ էլ կատու՝ 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»։
Իսկ ի՞նչ է ասում օրենսդրությունը: Արդյոք ուղևորի պահանջը՝ կատուն չմտցնել հասարակական տրանսպորտ, հիմնավո՞ր է ու օրինական:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 23 հոդվածի 7-րդ կետը սահմանել է, որ թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ և վանդակներով թռչուններ, դնչկալներով շներ` տարիչների և տապաստակների առկայությամբ: Ասվածը վերաբերում է տաքսի-ավտոմոբիլներին: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա իրավական կարգավորումն ամրագրել է Երևանի ավագանին՝ 2011թ. ընդունած ու հաստատած «Երևանում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոններ» կարգում:
Ըստ այդմ՝ ընտանի կենդանիներ տիրապետողներն իրավունք ունեն կենդանիներին տեղափոխել քաղաքային տրանսպորտով։ Շները պետք է քաղաքային տրանսպորտով փոխադրվեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ՝ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր առանց ցեղատեսակի շների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում։ Կանոններով արգելվում է միայն՝ կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում:
Հիշեցնենք, որ վերջերս նույն՝ 46 համարի երթուղում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: Ուղևորը վարորդից պահանջել էր չծխել, ինչին ի պատասխան վարորդը դրսևորել էր անհարիր վարքագիծ: Երևանի քաղաքապետարանն արագ արձագանքել էր միջադեպին, և վարորդը հեռացվել էր աշխատանքից: