«Փաստ» թերթը գրում է. «Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բաբայանի հետ կապված գործընթացներին եւ նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից եւ արված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչապետի, դիրքորոշում արտահայտել։


Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությանը, եւ այս պարագայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրակարգային։

Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում։

Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաեւ Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում