«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանին ուղղված դիմումով արգելոցի աշխատակիցները հայտնել են, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:
Աշխատակիցների խոսքով` ներկայիս տնօրենը որ աշխատակցի հետ նպատակահարմար չի գտնում աշխատել, ստիպում է ազատման դիմում ներկայացնել առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը: Բացի այդ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լարվածություն է մտցրել աշխատակիցների միջև և կոլեկտիվի ներսում ստեղծել բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ:
Խնդրի լուծման կապակցությամբ արգելոցի աշխատակիցները գրավոր դիմել են նաև ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով ՊՈԱԿ-ի հին ու նոր տնօրենների և աշխատակիցների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:
Պաշտպանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումը ընդունել է քննարկման և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարություն և Բնապահպանության նախարարություն: