«Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ԱԻՆ-ը։


Գերատեսչության տվյալներով՝ ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել։ Հստակեցված տվյալներով՝ 8 մարդ է տուժել, 2-ը հիվանդանոց է տեղափոխվել։

Օդանավակայանի հանրության հետ կապերի բաժնի տնօրեն Աննա Զախարենկովան հայտարարել է, որ հինգ ուղևոր միջին աստիճանի վնասվածք է ստացել։ Նա նաև հայտնել է, որ ծխահարություն է առաջացել ինքնաթիռի՝ ուղևորների համար նախատեսված սրահում։

 

Ինքնաթիռում 187 մարդ է եղել։ Երևան թռիչքի համար ավիաընկերությունը պահուստային օդանավ է գործարկել։ Միջադեպը մեկնաբանելով՝ ավիափոխադրողն ասել է, որ թռիչքի դադարեցման և ուղևորների տարհանման պատճառ է դարձել օդանավի սրահում տարօրինակ հոտը։ Դրա բնույթի մասին ոչինչ չի ասվում։

Խոսքը N477 չվերթի մասին է, որը պետք է իրականացվեր Boeing 737-ով։ Օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ չվերթը պետք է իրականացվեր Մոսկվայի ժամանակով 00:45-ին, բայց ի վերջո իրականացվել է տեղի ժամանակով 05։19-ին։ Ռեզերվային օդանավով Երևան չի մեկնել 28 մարդ։