Եվրադատարանը կայացրել է վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքի սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ անսպասելի վճիռ: ՄԻԵԴ վճռով հեռուստաընկերության սեփականատեր համարվող Լևան և Գիորգի Կարամանաշվիլի եղբայրները պետք է հանձնեն ընկերության սեփականության իրավունքը գործարար Կիբար Խալվաշին:
Վրաստանում իշխանափոխությունից հետո Խալվաշը բողոք էր ներկայացրել, որ Սահակաշվիլու նախագահության ժամանակ իրեն ստիպել են հեռուստաընկերությունը հանձնել եղբայրներին, որոնք համարվում են նախկին նախագահ Սահակաշվիլու մտերիմներ: Նրանք էլ իրենց հերթին նշում են, որ Խավաշը Իվանիշվիլու պատվերով է փորձում չեզոքացնել ընդդիմադիր հեռուստաընկերությունը:
Վրաստանի դատական ատյանները բավարարել էին Խալվաշի հայցը, սակայն ՄԻԵԴ-ը երկու տարի առաջ կասեցրել էր նրա հայցը: Եվ ահա, երկու տարի անց ՄԻԵԴ-ը կայացնում է Խալվաշի օգտին որոշակի անսպասելի վճիռ: Վրաստանի պետռեգիստրը արդեն իսկ վերագրանցել է Ռուսթավի 2-ը նոր սեփականատիրոջ անունով, թեեւ եղբայրները ունեն ՄԻԵԴ վճռի եռամսյա բողոքարկման ժամկետ, եւ կա տեսակետ, որ Վրաստանը իրավունք չուներ փոխել ընկերության իրավական պատկանելությունը, քանի դեռ կա բողոքարկման ընթացակարգ:
Ռուսթավի 2-ի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած վճիռն ինտրիգային է հատկապես այն իրողության ֆոնին, որ առկա է Վրաստանում վերջին շաբաթների լարվածության, ռուս-վրացական ճգնաժամի, եւ դրանում նաեւ Ռուսթավի 2-ի ներգրավվածության առումով: Մասնավորապես, Վրաստանում բռնկված հակակառավարական եւ հակառուսական հանրահավաքների ընթացքում Ռուսթավի 2-ի լրագրողը եթերում ուղղակի հայհոյեց ՌԴ նախագահ Պուտինին:
Մոսկվան արձագանքեց, սակայն բավական զուսպ, ինչ որ առումով նույնիսկ անսպասելի զուսպ, իսկ Պուտինն էլ հայտարարեց, թե ներողամիտ է տեղի ունեցածի հանդեպ:
Ստացվում է, որ ներողամիտ չգտնվեց Մարդու իրավունքի եվրոպական դատարանը Ռուսթավի 2-ից հանեց Պուտինի վրեժը: Հատկապես եթե նկատի առնենք նաեւ մի հանգամանք՝ ԵԽԽՎ քվեարկությունը ՌԴ պատվիրակության լիազորությունն ամբողջովին վերականգնելու օգտին:
Հետաքրքիր է, արդյոք Եվրոպական դատարանն իր վճռով կազդի ռուս-վրացական լարվածությունը մեղմելու վրա: Համենայն դեպս, այդ լարվածության ուժգնացումը կարծես թե խորքային առումով ձեռնտու է միայն Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք մշտապես փորձում են օգտվել դրանից եւ ավելացնել ազդեցությունը այդպիսի վիճակներում հավելյալ օգնության եւ աջակցության կարիք զգացող Վրաստանի վրա:
Իսկ դա խնդիր է, ընդ որում թե Արեւմուտքի համար, թե Ռուսաստանի: Ի վերջո, Արեւմուտքի համար մի բան աներկբա է, որ Վրաստանում չկա ռուսական ազդեցության գերվտանգ, 2008-ի իրադարձությունները սահմանել են գրեթե անհաղթահարելի արգելքներ: Իսկ ահա Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության համար Վրաստանում գործնականում արգելքներ չկան, իսկ հակառուսական լարումը խթան է ծառայում: Ըստ այդմ զարմանալի կամ տարօրինակ չի լինի այդ լարումը մեղվելու եւ սառեցնելու որեւէ ջանք Արեւմուտքից:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am