Քաղաքացի Նարինե Մկրտչյանը Սահմանադրական դատարան է դիմել ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի հիմքով, համաձայն որի` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել. «6. յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը». հաղորդում են ՍԴ մամուլի ծառայությունից:
Այսպիսի գործերի քննության առանձնահատկությունները նախատեսված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով: Նման գործերի քննության համար նախատեսված է 6 ամիս ժամկետ, ՍԴ որոշմամբ այն կարող է երկարաձգվել ևս 3 ամսով:
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում որոշում է կայացրել Նարինե Մկրտչյանից հունվարի 30-ին ստացված դիմումի հիման վրա գործն ընդունել քննության և դատաքննությունը կազմակերպել 2013թ. մարտի 5-ին` ժամը 10-ին:
Հիշեցնենք, որ Նարինե Մկրտչյանն առաջադրել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունը: Սահմանված ժամկետում չկարողանալով վճարել սահմանված Դ8 մլն-ը՝ նա դուրս մնաց հետագա պայքարից: