ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ-ին և Վ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
Ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ-ն` 2015թ-ին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում և առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7.115.700 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ. Գ-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում:
Այնուհետև քննիչ Վ. Ա-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:
Լ. Գ-ն կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: