«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին:
Մինչև թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա դա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: