«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձևակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ հեղինակություններ խնջույքի մասնակցեն ու քննարկեն որևէ մեկի պարտքը ստանալու հարցը, ինչպե՞ս պետք է դա բացահայտվի:
Նախարարն ասաց, որ դա օպերատիվ աշխատանք է, իր տիրույթը չէ, բայց «նման ձևակերպումներով փորձ է արվում անլրջացնել հոդվածը»:
«Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե, օրինակ, հայտնի Զապ անունով Անդրանիկ Սողոյանը, որը «օրենքով գող» է և հանգիստ ապրում է, պետք է առանց պատճառի բանտ նստի, քանի որ «օրենքով գո՞ղ» է, թե՞ պիտի որևէ բան անի, որ բռնեք: «Ցանկացած հանցագործության համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի արարք, և այդ արարքը որակվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- նշեց նախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: