Ֆեյսբուքյան օգտատեր Վանուհի Թովմասյանն իր էջում գրում է.
«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ
Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։
Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։
Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։
Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։
Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։
Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան /չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում:
Բացի դրանից, ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․
Ապավինում են ձեր օգնությանը․․․»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: