Ապրիլյան պատերազմի մասնակիցը նորաստեղծ ընտանիքի հետ ապրում է Վարդաշենի 4-րդ կարգի վթարային հանրակացարանի նկուղային հարկում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանում հայտարարեց ապրիլյանի մասնակցի մայրը՝ պահանջելով որդուն գոնե տրամադրել այդ վթարային շենքում այլ հարկ։
Նա պատմեց, որ հաճախ է դիմել քաղաքապետարան այդ խնդրով, սակայն որեւէ դրական տեղաշարժ չի նկատել. «Երեխուս ամուսնացրել եմ նկուղային հարկում՝ 23 քառակուսիում ենք ապրում։ Թոռնիկս 2 ամսեկան է, ես խնդրում եմ անգամ հենց այդ վթարային շենքում երեխայիս նկուղային հարկից բարձրացնեն վերեւի հարկ։ Պիտի երեխայիս մի վատ բան լիներ, որ հետմահու պարգեւատրեին։ Հիմա եթե անցածների օրով լիներ՝ այդ սենյակը կհատկացնեին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդաշենի հանրակացարանների բնակիչներն այսօրԵրեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով քաղաքային իշխանություններից իրենց շենքի վթարային վիճակի բարեկարգում իրականացնել։ Բնակիչների խոսքով՝ հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարային է, բայց սեյսմիկ եզրակացության մեջ գրված է 3-րդ աստիճան։ Քննարկում եղավ բնակիչների, քաղաքապետարանի աշխատակիցների եւ ԲՀԿ ավագանու անդամների միջեւ, արդյունքում որոշվեց այցելել Վարդաշեն, եւ տեսնել հանրակացարանները։