Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները: