ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքե՞ր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:


Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ կամ համալիրի, կամ «ԴիջիԹեքի», որպեսզի մոտենան, խոսեն, իրենց առաջարկները ներկայացնեն: Արշակյանը տեղեկացրեց՝ կազմակերպիչները հոգացել են այն մասին, որ համալիրի տարածքից ցուցահանդես ավտոբուս գործի, որ հյուրերը հնարավորություն ունենան ցուցահանդես այցելել:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ այս միջոցառման արտաքին քաղաքական բաղադրիչն ընդգծեց: Նա շեշտեց՝ պետք է այս առիթը լայնորեն օգտագործել՝ իբր համագործակցության հնարավորությունների ընդլայնման առիթ: