Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում: Քարդաշյանը նշեց` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին: Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և հարստության առկայությամբ հրաշալի կերպով մեծացնում են իրենց երեխաներին:
«Դա ինձ հույս տվեց: Իմ նպատակն է մեծացնել բարի, հաջողակ երեխաներ: Մինչ այժմ նրանք այդպիսին են, և ես հպարտ եմ դրանով: Նրանք չափազանց համեստ են և նորմալ: Դա շատ աշխատանք է պահանջում, բայց ես ցանկանում եմ դա անել, որպեսզի նրանք իսկապես հրաշալի մարդիկ լինեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր բոլոր քույրերը նույն զգացողությունն ունեն:
«Մենք հասկանում ենք, որ դա բարդ կլինի, բայց մենք սիրում ենք մեր երեխաներին միասին մեծացնել, և դուք կզարմանաք՝ տեսնելով, թե մեր երեխաները որքան նորմալ են»,- ասաց Քիմ Քարդաշյանը: