Նախօրեին Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Քիմ Քարդաշյանի երկու որդիները և դուստրը մկրտվել են: Մկրտության ժամանակ Քարդաշյանի երեխաները ստացել են հայ եկեղեցու սրբերի անուններ՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկյան հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սարկավագ՝ 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը:
Կնքահոր ընտրության հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագ Նաիրի Սրապիոնյանի հետ:
«Որևէ արտասովոր բան չկա. իրենք նախընտրել են, ես ստանձնել եմ այդ պարտականությունը: Դա իմ միջոցով չի արվել: Ես նախկինում ևս նման փորձարարություն ունեցել եմ. կնքահայրություն ստանձնելու մարդկանց, ովքեր դրա պետքը ունեցել են: Այսինքն՝ այս պարագայում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Իրենք ուզեցել են, որ կնքահայրը հոգևորական լինի, համապատասխան մարդիկ ինձ են առաջարկել, ես էլ համաձայնել եմ»,- ասաց սարկավագը:
Սարկավագ Նաիրի Սրապիոնյանի խոսքերով, ինքը Քարդաշյանների հետ ծանոթացել է նախքան մկրտության արարողությունը: