Թուրքական բանակը կրկին հրետակոծության է ենթարկել սիրիական սահմանային Քամիշլի քաղաքը, ինչի հետեւանքով 2 երեխա է զոհվել: Այդ մասին հայտնել է Kurdistan 24 հեռուստաալիքը:
Քաղաքի մերձակա Քուդուրբեգ շրջանի հրետակոծության հետեւանքով մահացել են 12-ամյա Մուհամադ Յուսեֆ Հուսեյնը եւ 7-ամյա Սառա Մոհամադ Հուսեյնը:
Տղան ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ աղջիկը կորցրել ոտքը: Երեխաները տեղափոխվել են Քամիշլիի Սալամ հիվանդանոց, որտեղ բուժաշխատողները փորձել են փրկել նրանց կյանքը, սակայն չի հաջողվել: Ծնողների տեղեկացմամբ՝ նրանք մահացել են վիրահատության ժամանակ:
Հրետակոծության հետեւանքով վիրավորվել է նաեւ 60-ամյա մի կին, ով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակն իր դաշնակից զինյալների հետ հարձակում գործեց սիրիական սահմանային շրջանների վրա: Արդեն զոհվել եւ վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունից հայտնել են, որ խիստ մտահոգված են ռազմական գործողություններով: Տարածաշրջանում նաեւ նվազել է ջերմաստիճանը, եւ ավելի է կարեւորվում, որ մարդասիրական խմբերը կարողանան օգնություն ցուցաբերել իրենց տները լքած բնակիչներին: